Search

Ինչպե՞ս բացահայտել ու կառավարել տաղանդները․ Երևանում մեկնարկեց «Աշխատանքի ապագան» խորագրով համաժողով

Updated: May 19

Այսօր Երևանում մեկնարկեց  «Աշխատանքի ապագան» խորագրով համաժողովը։ Արդեն 8-րդ տարին անցկացվող համաժողովը այս տարի միավորել է ավելի քան 200 մասնագետների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Համաժողովը կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով:



Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Գալաքսի» ընկերությունների խումբը և «ՎՏԲ Հայաստան» բանկը։

«Բարի գալուստ ապագա»․ այսպես ողջունեց համաժողովի մասնակիցներին Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։


Վերջինիս խոսքերով՝ ապագան անկանխատեսելի է, որովհետև կախված է բազմաթիվ հանգամանքներից։

Արդեն լրագրողների հետ զրույցում Արփի Կարապետյանն ասաց՝ խորագիր ընտրվել է «Աշխատանքի ապագան», քանի որ այն արդիական թեմա է․

«Մենք բոլորս չգիտենք` մեզ ինչ է սպասվում, և մասնավորապես՝ մեր մասնագիտության մեջ։ Փորձելու ենք գտնել կիրառական լուծումներ, փնտրել՝ ինչպիսի ճանապարհով է պետք շարժվել առաջ, որպեսզի մենք պատրաստ լինենք այսօր արդեն ապագայի փոփոխություններին»։


Արփի Կարապետյանն ասում է՝ հիմնական հարցը, որ պետք է տալ, այն է, թե ինչ պետք է սովորել, ինչ պետք է իմանալ, որպեսզի կարողանանք դիմակայել ապագա փոփոխություններին։

Համաժողովի գլխավոր գործընկերներ «Գալաքսի» ընկերությունների խմբի ներդրումների գծով տնօրեն Միխայիլ Բրոյանը, խոսելով համաժողովի կարևորության և աշխատանքի ապագա հեռանկարների մասին, ընդգծեց․

«21-րդ դարում ընկերությունները նոր մարտահրավերների առաջ են։ Այսօր մենք արդեն խոսում ենք էֆեկտիվության, ինովացիոն լուծումների մասին, և ընկերությունները պարտավոր են լինել ավելի ավտոմատիզացված և օգտագործել նոր տեխնոլոգիաներ»։

Բրոյանի խոսքերով՝ այսօր շատ ընկերություններ հակված են ունենալ ավելի փոքր անձնակազմ ավելի մեծ պոլիֆիկացիայով։


Նշենք նաև, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը (Galaxy Group of Companies) հիմնադրվել է 1999թ.-ին՝ մեկնարկային 30 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն՝ ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000-ի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով։

Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում՝ ՏՏ և հեռահաղորդակցության, կոմերցիոն անշարժ գույքի և շինարարության, հյուրընկալության և ծառայությունների, զվարճանքների ոլորտի, ներկրման մանրածախ առևտրի ոլորտներում։ 2018թ. դեկտեմբերի տվյալներով՝ ընկերությունների խմբում միջին ամսական աշխատավարձը 315 հազար ՀՀ դրամ է, իսկ որոշումներ կայացնող պաշտոններում կանայք կազմում են 42%-ը, ինչը բացառիկ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ամերիկյան խոշոր կորպորացիաների համար։

  • Black Facebook Icon
  • Black LinkedIn Icon
  • Instagram
  • Black YouTube Icon