Search

Տարածաշրջանային 7-րդ համաժողով

Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ Հայաստանում մեկնարկել է ՄՌ տարածաշրջանային հերթական՝ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով և կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարևոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:


Ոլորտի ամենասպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200  մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային 60  կազմակերպությունից: Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ—ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից և Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք ներկայացել են ելույթներով և վարպետության դասերով: «Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին և բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներում՝ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում և այլն: Ունենք հիանալի խոսնակներ և շատ հետաքրքիր ծրագիր»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ՝ Արփի Կարապետյանը: «Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է և չափազանց կարևոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների և հասարակության միջև: Կամուրջ, որտեղ երթևեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը և ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլև ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը և դառնա արժեհամակարգ»,- ասել է ՎիվաՍել—ՄՏՍ—ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանը՝ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում:  Այս տարվա թեման շատ կարևոր և արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածում՝ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի և տարածաշրջանային փորձագետների, ևս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ», ասաց ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն: Համաժողովի շրջանակներում ներկայացվել է «Teamification» հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա և մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի և Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:




Cascade People & Business – ը Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման առաջատար խորհրդատվական ընկերություն է՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 10 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության ՝դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ.-ից մինչ օրս ունի 60-ից ավելի անդամ ավելի քան 40 ընկերություններից և նպատակ ունի համախմբելու ոլորտի առաջատար մասնագետներին ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբի գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով: Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել—ՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաև «Էյչ—Էս—Բի—Սի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:

  • Black Facebook Icon
  • Black Twitter Icon
  • Black LinkedIn Icon
  • Black YouTube Icon