Search

Կրթական համակարգը շատ երկրներում հարմարեցված չէ ժամանակակից պահանջներին...

Երևանում նոյեմբերի 1-2-ն անցկացված Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում Հայաստան էր ժամանել նաև Եգիպտոսի հեռահաղորդակցության ամենախոշոր՝ Vodafone ընկերության նախագահ Հանի Մահմուդը: Այս տարվա համաժողովի թեման աշխատանքի ապագան էր:


Մի փոքր պատմեք ձեր ընկերության մասին, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

Մեր ընկերությունը Եգիպտոսի հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունն է: Կազմակերպությունն ունի 11 հազար աշխատակից, որոնցից 5 հազարն աշխատում են Եգիպտոսի համար, իսկ 6 հազարը՝ մասնաճյուղերում, որոնք սփռված են աշխարհի տարբեր երկրներում։



Որքանո՞վ եք կարևորում Հայաստանում նմանօրինակ համաժողովների անցկացումը և ի՞նչ նոր գաղափարներ ներայացվեցին դրա շրջանակներում։

Իրականում ես շատ ուրախ եմ լինել Երևանում, համաժողովը շատ լավ էր կազմակերպված, շատ բանիմաց մասնագետներ էին մասնակցում դրան՝ որպես բանախոսներ: Կարծում եմ՝ մասնակիցները կգնահատեն խոսնակների աշխատանքը։ Համաժողովի բանախոսները տարբեր երկրներից էին, տարբեր մշակույթների ներկայացուցիչներ: Սա փորձի փոխանակման մեծ հնարավորություն է:

Մասնավորապես դուք ի՞նչ փորձով կիսվեցիք համաժողովի շրջանակներում։

Ես եկել եմ կիսվելու մեր նոր մոդելով, որը կոչվում է բալանսավորված մարդկային կապիտալ: Այսինքն՝ այդ մոդելն իրենից ներկայացում է ինտելեկտուալ, էմոցիոնալ հասարակական և ֆիզիկական կողմերի հավասարակշռում, թե ինչպես կարելի է  օգտագործել այդ բալանսավորումն ու զարգացնել այն։ Նաև խոսել ենք մարդկանց ու մարդկային ռեսուրսների վրա թվայնացման ազդեցության մասին՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են մարդկային ռեսուրսները բարեփոխվել, որպեսզի հարմարվեն թվային դարաշրջանին, փոփոխություններին։

Այսինքն՝ աշխարհում նոր որակի ու տեսակի աշխատուժ ստեղծելու միտո՞ւմ կա։ Ո՞րն է աշխատանքի ապագան։

Կարծում եմ, որ ապագայում մարդկային ռեսուրսների գործառույթները կփոխվեն։ Օրինակ՝ լսարանային դասախոսությունները կվերանան, քանի որ ամեն ինչ կկատարվի օնլայն հարթակում, ուսուցումն օնլայն կլինի։ Թվային այս դարաշրջանում մարդկանց մասին տեղեկատվությունը շատ հեշտ հասանելի կլինի, այսինքն՝ տեղեկատվություն կկարողանանք ստանալ առանց նույնիսկ մարդուն ճանաչելու, նրան մոտենալու։ Բոլոր մարդիկ կունենան փոքրիկ չիպեր իրենց մաշկի տակ, և արդեն նույնիսկ նույնականացման քարտեր պետք չեն գա։ Ամեն ինչ կլինի թվային հարթակում։

Ի՞նչ բարեփոխումներ պետք է անեն կառավարությունները, որպեսզի մրցունակ աշխատուժ ունենան:

Կարծում եմ՝ կառավարությունները պետք է գնան ոչ միայն գիտելիքներ մատուցելու ճանապարհով, այսինքն՝ բարդ առարկաների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի ուսուցմամբ, այլ պետք է ընդլայնեն ուսուցումը։ Այսինքն՝ որպես դասապրոցեսների մաս պետք է ընդունեն զվարճանքը, խաղերը, սպորտը, արվեստը։ Պետք է հասկանանք, որ միայն համալսարանական առարկաները բավարար չեն, պետք է նաև նման փոփոխություններ արվեն դասապրոցեսում: Շատ համալսարանների կողմից հետազոտություններ են կատարվել, որոնք ապացուցել են, որ եթե երկու ուսանող վերցնենք, նրանցից մեկին դասավանդենք միայն մաթեմատիկա, ֆիզիկա, իսկ մյուսին դրանից զատ նաև ուսուցանենք արվեստ ու սպորտ, ապա վերջինս ապագայում ավելի հաջողակ է լինում, քան նա, ով միայն իր մասնագիտական գիտելիքներն է ստանում։

Հայաստանում խնդիր ունենք, որ մի կողմից գործատուները փնտրում են որակյալ աշխատուժ, մյուս կողմից համալսարանն ավարտած երիտասարդները բողոքում են, որ գործ չկա։ Արդյոք ձեր նշած խնդիրների՞ց է ծագում այս իրավիճակը։

Այո, դա բնորոշ է նաև Եգիպտոսին, բայց ես կարծում եմ ամբողջ աշխարհում է այդ իրավիճակը։ Գործատուները փնտրում են լավ մասնագետների, ասում են՝ չկա, մարդիկ փնտրում են աշխատանք և դարձյալ բողոքում, որ աշխատանք չկա։ Իմ կարծիքով՝ այս իրավիճակի պատճառն այն է, որ կրթական համակարգը շատ երկրներում հարմարեցված չէ մեր դարաշրջանին։ Այսինքն՝ կրթությունը չի ծառայում այժմյան կարիքներին։ Եվ եթե նայենք շատ երկրների ուսումնական պլանները, կտեսնենք, որ դրանք նույնն էին, ինչ 30 տարի առաջ։ Դրա հետևանքով այն հմտությունները, որոնք երիտասարդներին շարունակում են սովորեցնել, այսօր պետք չեն գործատուներին։

Ես հիշում եմ, որ երբ աշխատում էի ԱՄՆ-ում, ընդունվեցի մի կազմակերպություն, բայց այդ ոլորտում ունեի զրո փորձառություն։ Հարցրեցի իմ գործատուին, թե ինչո՞ւ հենց ինձ ընտրեցին։ Պատասխանն այն էր, որ՝ տեխնիկական հմտություններ սովորեցնելը ձեզ շատ ավելի հեշտ է, քան գտնել այնպիսի մարդ, ով կունենա կրեատիվ մտածողություն: Նման հմտություններ սովորեցնելն ավելի դժվար է, քան տեխնիկական հմտությունները։ Ներկայում կարող ենք անգամ առանց դպրոց հաճախելու սովորել այն, ինչ դպրոցներում էին մեզ սովորեցնում։ Կարևոր խնդիրը և դժվարությունը անհատականություն ձևավորելն է, հենց անհատների պակաս ունեն այսօր գործատուները։ Այսինքն՝ այն անհատների, ովքեր կդառնան առաջնորդներ, կկարողանան որոշում կայացնել ու աշխատել։

Հայաստանյան կողմի հետ համագործակցություն ծավալելու ծրագրեր կա՞ն։

Առաջին հերթին կուզեի նշել, որ սա իմ առաջին այցն է Հայաստան։ Նախկինում եղել եմ 62 երկրներում, առաջին անգամ է, որ այստեղ եմ։ Ինձ շատ գրավեց մշակույթը, քանի որ հասկացա՝ Հայաստանն ու Եգիպտոսը մշակույթներով շատ նման են։ Այստեղ ավելի հեշտ է մարդկանց հետ շփվել, մարդիկ բաց են, ընկերասեր, հեշտ են ընդունում օտարերկրացիներին։ Եգիպտոսում հայկական համայնքը մեծությամբ երկրորդն է։ Ես ինքս Ալեքսանդրիայից եմ՝ Եգիպտոսի հյուսիսից։ Դպրոցում ու համալսարանում ունեցել եմ հայ ընկերներ։

Այստեղ համաժողովի կազմակերպչի հետ պայմանավորվել ենք, որ համագործակցությունն ավելի շատ պետք է լինի փորձի փոխանակման տեսանկյունից։ Համաժողովի կազմակերպիչը հայաստանյան մարդկային ռեսուրսի ասոցիացիայի հիմնադիրն է, ես էլ Եգիպտոսի մարդկային ռեսուրսի ասոցիացիայի հիմնադիրն եմ։ Կարծում եմ՝ կկարողանանք որևէ կերպ համագործակցել։

Ի՞նչ պետք է անեն կառավարությունները՝ երկրում գործարար միջավայրը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարությունն, օրինակ, հավասար մրցակցային դաշտի ապահովումն է կարևորում այս հարցում։ Միայն դա բավարար է, թե՞ այլ քայլեր էլ պետք է արվեն։

Կառավարությունը նախ և առաջ հինգ տարին մեկ պետք է զբաղվի կրթական համակարգում ուսումնական պլանների փոփոխմամբ՝ թե համալսարանում, թե դպրոցներում։ Հինգ տարի առաջ պետք եկած հմտություններն ու գիտելիքներն այսօր կարող են պետք չգալ։ Օրինակ՝ նախկինում քարտուղար-քարտուղարուհի աշխատատեղը բավական պահանջված է եղել, մարդիկ փնտրել են աշխատող, ով կգա ու կզբաղվի տեքստեր հավաքելով։ Իսկ այսօր այդ աշխատատեղն ու մասնագիտությունը կարծես վերացել է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր համակարգիչը։ Երկրորդ խնդիրը բիզնեսի ուղիղ կապն է աշխատաշուկայի հետ։ Պետք է հասկանալ, թե ինչ կարիք ունի ներկայիս բիզնես միջավայրը, ինչ հմտություններ են անհրաժեշտ ներկայիս գործատուներին։ Եվ այսօր շատ գործատուներ մարդկանց աշխատանքի են ընդունում, ապա սովորեցնում որոշ հմտություններ և ոչ թե գտնում պատրաստի կադրեր։

Եվ վերջում ի՞նչ ուղերձ կհղեք Հայաստանի ընթերցողներին։

Խորհուրդ կտամ Հայաստանի երիտասարդությանը սովորել գոնե մեկ օտար լեզու, հատկապես անգլերեն, քանի որ առանց անգլերենի իմացության դժվարությունների ենք բախվում։ Զբաղվեք անձնական հմտությունների, գիտելիքների ձևավորմամբ, մի սպասեք կառավարությանը կամ գործատուներին, որպեսզի նրանք ձեզ դա ստիպեն անել։

Նշենք, որ Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովը կազմակերվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից, գլխավոր գործընկերը  «Գալաքսի»  ընկերությունների խումբն է։ Այն հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից՝ մեկնարկային 30 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն՝ ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000-ի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով։ Տարեսկզբին «Գալաքսի» ընկերությունների խումբը հայտարարել է «Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի» կառուցման մասին, որը հավակնում է ապագայի աշխատատեղ դառնալ ավելի քան 6000 պրոֆեսիոնալների համար։ Այդ տեսակյունից, կոնֆերանսը խիստ կարևոր գաղափարական հարթակ է ընկերության համար։

  • Black Facebook Icon
  • Black Twitter Icon
  • Black LinkedIn Icon
  • Black YouTube Icon